Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տվածդ օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը

Տվածդ օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը
22.05.2009 | 00:00

ՏԱԼԻՔ-ԱՌՆԵԼԻՔ
Ամենահնում, երբ պարզն ու բարդը էնքան էլ հասու չէին մարդուն, ու մարդն էլ իրեն պատեպատ չէր խփում պարզն ու բարդը զատելու, ասենք` պատ, ցանկապատ ու սահման էլ չկար, մարդն ի՞նչ է մտածել։ Կարգին միտք էլ չի ունեցել, բայց մտածել է օգուտ քաղելու մասին։ «Օգուտ տալ աշխարհին» ոչ խելոք արտահայտությունը հետո են հնարել։ Մի քիչ բանաստեղծներն են հնարել, մի քիչ` ծույլերը, մի քիչ էլ` փիլիսոփաները։ Հետո մտքի մարզանքներ են եղել այսու-այնու, հաշվեմատյաններ են աշխարհ եկել, աղյուսակներ` գումարման, հանման, բաժանման, մանավանդ, բազմապատկման։ Մինչև մարդը սովորել է պատերազմել (դեռ սովորում է), հոգին դուրս է եկել։ Քաղաքակրթություններ են կործանվել։ Է՛լ ջրհեղեղներ, է՛լ երկրաշարժեր, բնական աղետներ։ Ամեն մի աղետ մտածող մարդուն կապել է թվերին. էս աղետն էսքան գումարի վնաս է տվել, էսքան տևած էս պատերազմն էսքան գումարի վնաս է տվել... Ամեն մի վնաս դուրս է գալիս տնից ու տարածվում աշխարհով մեկ։ Բնական աղետները` իրենց տեղին ու իրենց հերթին։ Ժամանակի պատմությունն իր հիշողության մատյանին նզովյալ անուններ է պահ տվել, որ ավելի մեծ վնասներ են պատճառել, քան թե հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը...
Բնավ էլ ազգային սնապարծություն չէ, երբ ասվում է` քաղաքակրթությունը դուրս է եկել Հայաստանից։ Ճշմարիտ էս խոսքը չարակամ շարունակություն ունի` ճիշտ է, քաղաքակրթությունը դուրս է եկել Հայաստանից, բայց այլևս չի վերադարձել։ Քաղաքակրթությունը չի վերադարձել, ոչինչ, մի օր խելքը տեղը կգա` կարոտը կբերի, բայց էն մասին մտածենք, որ մեր հոգսն իբր քիչ է, ամեն օր ու ժամ նոր հոգսեր են թև առած կամ ծանր-ծանր գալիս։ ՈՒ հոգսի ոտքը կոտրող չկա։
Ամեն ինչ ճիշտ է աշխարհում, ու ամենից ճիշտն էն է, որ ասել են մերոնք` մինչև քեզ նեղություն չտաս, չես կարող ուրիշին լենություն (օգուտ) տալ։ Մարդու էությունը բառ-պատկերով է բնութագրվում` իր օգուտի (շահի) համար խիղճն էլ կծախի։ Աթոռի, պաշտոնի համար ոչնչի առաջ կանգ չի առնի` կծախի զավակին, կնոջը, կուրանա հայրենիքը...
Հիմա գանք մեզ ու մեր օրերը։
Օգուտը լավ բան է։ Շահը շահեկան է։
Մեղր ծախողը մատը կլիզի։
Ոսկերչի մորուքին նստած ոսկեփոշին էլ նրան հերիք է։
Շատ իմաստուն խոսքեր այսօր պիտի միամիտ թվան, ծիծաղելի ու ժամկետանց, ժա՛-մա՛-նա՛-կա՛-վը՛-րե՛պ։
Մենք շատ դպրոցներ ենք ունեցել, ունենք նաև այսօր։ Տնտեսական ու տնտեսագիտական միտք ենք ունեցել, ունենք նաև այսօր։ Եղածին չասենք` քայքայված, որովհետև մարդն է քայքայված, երկիրն է քայքայված։
Մանկավարժական միտք։ Մաթեմատիկական միտք։ Անանիա Շիրակացի, Դավիթ Անհաղթ... Էլի անունավոր անուններ, որոնք հոլովելու իրավունքը չի տրվում ամեն մեկին։ Նման միտք-անունների առջև արժե միայն խոնարհվել։ Ազգովի։ Շատ ենք ասել ու պիտի ասենք` դասեր քաղել անցյալից։ Մեր անցյալի մեջ լիքը սխալներ կան։ Հենց թույլ տված սխալներից պետք է քաջություն ունենալ ու դասեր քաղել։
Հաշիվ ասացի, միտք ասացի` կա՛-ռա՛-վա՛-րո՛ւմ։
Ճիշտ կառավարման դեպքում մեր երկիրը (հողը, ընդերքը, երկինքը, ջուրը, օդը) քանի՞ միլիոն մարդ կարող է պահել։ Այո՛, պահել։ Պահել` ապահովել աշխատանքով, բնակարանով, սննդամթերքով։ Պակասպռատություն, իհարկե, կլինի։ Էդ դեպքում` ի՞նչ տաս, ի՞նչ բերես։ Մեր խելոքներն ասում են` էս անտառը` հազար հեկտարի վրա, տասը տարի կտրենք, էս հանքաշխարհը տասնհինգ տարի հազար, երկու հազար մարդով բաց եղանակով շահագործման հանձնենք, դրանից հետո հալբաթ մի բան կլինի, իսկ աշխարհահռչակ գրող, Հայաստանին ու աշխարհին «Հայաստանի դասերը» տված Անդրեյ Բիտովն ասում է` ո՛չ մի ծառ կտրել, Հայաստանը պետք է դարձնել զբոսաշրջության երկիր։ (Բիտովը եղել է և՛ Հայաստանում, և՛ Շվեյցարիայում, լավ է հասկանում և՛ աղքատ, և՛ հարուստ երկիրն ու մարդուն)։
Կան մարդիկ, մանավանդ պաշտոնյա, որ ոչ թե մտածում են երկրին ու ժողովրդին վնաս տալու մասին, այլ միայն իրենց ու յուրայինների օգուտի, շահի մասին։ ՈՒ հենց դրանով են վնասում երկրին ու ժողովրդին։
Բարբարոսը 21-րդ դարի արշալույսին ոչնչացրեց Հայոց Ջուղայի խաչքարադարանը, հայոց հնությունները` մեծագույն վնաս հասցնելով մարդկությանը, քաղաքակրթությանը։ Քաղաքակրթության ականջին մենք պետք է ճչայինք։ Դա նույնպես ցեղասպանություն է։ Քաղաքակրթության աչքերը մենք պետք է մյուռոնենք մեր հնությունների լույսով։ Բայց մենք վանում ենք։ Ջուղա ենք ասում, թշնամի ենք հասկանում ու թշնամանք, բայց ինչո՞ւ հեռու փախչենք մեր Կարմիր բլուրից ու Երևանի ծննդամատյան Էրեբունիից։ Չեմ ուզում և չեմ կարող շարունակել։ Դիմացս տեսնում եմ նույն թշնամուն ու թշնամանքը։ Եթե Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշայգին ավերակվում է օրը ցերեկով, եթե ամեն մի բոսյակ` թևավորվելով է՛լ ավելի բոսյակ իշխանավորի թիկնավորումով, կարող է ցանկացած տեղում իր ռեստորանը, ղախպանոցը, գիշերային ակումբը կառուցել։
Փորձենք վատը լավ տեսնել։ Էս անտեր-անտիրական կուսակցությունների ի՞նչը լավ տեսնենք։ Եթե փորձենք ստուգել նրանց արյան բաղադրությունը, պիտի մնանք զարմացած։ Բոլորը դուրս են գալիս պայքարի ու բոլորը պիտի հաղթեն` ո՞ւմ պիտի հաղթեն, ինչո՞ւ պիտի հաղթեն։ Ասենք թե հաղթեցին, հետո ի՞նչ պիտի անեն։ Թշնամանքի սերմե՞ր պիտի ցանեն։ Ժողովուրդը լա՞վ պիտի ապրի։ Ախր, լավ ապրելու սովոր չենք` չենք դիմանա։
Բոլոր կուսակցությունները... ժողովրդի մասին են մտածում։ Մտածելուց գլուխները տրաքում են։ Ճիշտ է` հին ժողովուրդ ենք, սովոր մշակույթի ու նաև... առևտրի։ Մետաքսի ճանապարհը Չինաստանից գալիս-գալիս, հասնում է Երևան, պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ գետերի վրայով թռչելով հասնում է Երևան։ Այսօր էն տպավորությունն ենք ստանում, որ ճանապարհը չի կարողացել թռչել-անցնել Գետառը, որովհետև նրա դեմը մեր օրերի օլիգարխները փակել են... դղյակով։ Խրճիթ չունեցողս ասում է` դղյակը լավ բան է, բայց պատմություն ունենալը, այն որպես ճանապարհ պահելը նույնպես լավ պիտի լիներ, եթե այն չխեղդեինք նույն Գետառում։
Ամենուր մեղավորներ ենք փնտրում։ Այսինքն` չենք էլ փնտրում, որովհետև դրանցից չենք խեղճանում, բոլ-բոլ կան` մեկն իմ աչքին է մեղավոր երևում, մյուսի համար ես եմ մեղավոր։ ՈՒրիշ բան չլինի` տարվա եղանակներն իշխանությունների համար ընդդիմության նման մեղավոր ու մեղավոր են։ Երկրում ջուխտուկենտ մարդ է մնացել ու անհաշվելի իշխանավորներ։ Նրանք մի գործ շատ լավ են անում` ամեն գնով պաշտպանել աթոռը։ Կորցնելը հավասարազոր է մահվան։ Նրանք ոչ թե մոռանում, այլ պարզապես չեն էլ իմանում, ավելի ճիշտ` հասկանում, որ իրենց աշխատանքով օգուտ են բերելու երկրին ու ժողովրդին։ Բռի իշխանավորի համար երկիրը ո՞րն է, ժողովուրդը ո՞րն է։ Նրանց անգամ ավելորդ է հարցնելը` երկրին ու ժողովրդին ձեր տված օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը։
Թամանյանական հինգհարկանի Երևանը թևեր է առել ու դարձել, ասենք, քսանհարկանի։ Մեկը չկա ասի` ո՞ւր, Երևան, վերևում օդը ո՞նց է։ Եվ էս օլիգարխների ու իշխանավորների գերի ճարտարապետները, որոնց թվում է, թե իրենք երեք-չորս անգամ... բարձր են Թամանյանից։ Էս ի՜նչ ազգային խեղճություն է։ Քանի՞ անգամ աղաղակվեց, գրվեց, հրապարակվեց, որ Երևանի հատակը որոշ իշխանավորների գլխի նման փուչ է, շատ բարձելու դեպքում ապարանցու շատ բարձած իշի նման ոտքերը կծալվեն։ Ո՞Ւմ ես ասում... Սա էլիտար շինարարություն չէ, այլ էլիտար ազգաքանդություն։ Երևանը խեղդվում է էլիտարությունից, իսկ աղետի գոտին օրօրի հուսահատվում է ու խեղճանում։
Փորձենք հարց տալ մեկին, որն ԱՇԽԱՏԵԼ է որպես նախարար ու անսպասելի, հանգամանքների բերումով, ելնելով նաև իր կուսակցության շահերից, դանակ տաս` սրտից արյուն չի կաթի, մնաս բարով է ասել, թե ի՞նչ սև շունդ էր սատկել, որ վեր թռար տեղից ու վազելով հասար մինիստր աշխատելու։ Բայց մի կասկածեք` կախվելու էն թունդ պահին ճոպանի նման պինդ պարանը կտրվելու է` անհավատներին համոզելով, որ հրաշքները միայն հնում ու անհայտներում չէ, որ լինում են։ Փրկվածն իր թշվառ ու հերոսական կերպարով սրտաճմլիկ-հայրենասիրական տեսարան կներկայացնի, անպայման խիստ ժամանակակից, բոլորիս հասկացնելով, որ երկրի ու մանավանդ աղքատական ժողովրդի շահերը պահանջում են նման զոհողություն։ (Չեմ կասկածում. ընթերցողը պիտի հասկանա` զոհողություն բառը հեղինակի անշահախնդիր նվերն է)։ Բայց ազգի շահերը պահանջում են, որ անտերի գլխին ջուր լցնես, ուշքի բերես ու հարցնես` դու էն ասա, ա՛յ տնաշեն, տվածդ օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը։
Նմանատիպ բառեր շատ ունենք։ Մենք ունենք` մանրամասն և... մարմնամասն։ Կասեք` բոլորովին էլ նման չեն։ Իսկ ես շարունակում եմ` իշխանավորները հայոց երկիրը մանրամասն մարմնամասնում են։ Մանրամասնում են` հոխորտալով երկրի ու ժողովրդի անունից։ Հիմա էլ` Երևանի բուսաբանական այգին։ Որովհետև մեր անկախ երկրում ամեն ինչ անում են դրսեկ խորհուրդներով, խելքին մոտ կլինի, որ էս մի խորհուրդն էլ եկած լինի մեր հին բարեկամ աֆրիկաների կողմերից։ Երկրի շահերը պահանջում են, որ ամեն օր իշխանավորները, օլիգարխներն անիծեն ժողովրդի հերը։
Ժողովուրդն իր ուզածին չի հասել ո՛չ հարյուրհազարանոց միտինգներով, ո՛չ շքեղ ու կիրթ երթերով, ո՛չ հասկացնող հոդվածներով։ Եթե ժողովուրդը ժամանակին կարողանար կանխել Երևանի կանաչ թագավորության սպանդը (Օղակաձև զբոսայգուց մինչև Հաղթանակի զբոսայգի), ապա այսօր Սևանի գլխին չէր կախվի... Մարդ չի էլ ուզում հավատա... Սևանի... Այո՛, մեր Սևանի, համաշխարհային մեր փառքի, մեր փրկարարի գլխին չէր կախվի ոսկե վտանգը։
Լիքը բաներ... Կործանվող բարքեր, կործանվող ժողովուրդ։ Ո՞վ է մեր տերը։ Մեր ձեռքով մեր տուն - հայրենիքը քանդում ենք։
Մեզ մեզնից ո՞վ է փրկելու` առանց իր օգուտին ու վնասին նայելու։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4525

Մեկնաբանություններ